Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, քաղաքացիներին ծեծելու, զուգարաններում սպանելու ժամանակները. Ալեքսանյանը՝ Օհանյանին
Լրագրողը ինչ-որ լայվ է արել, իր կարծիքն է ասել: Դրա համար այս շարժումը, որին նաև ձեր խմբակցությունն է մասնակցում, դիմել է Դատախազություն, հետո ձեր դաշինքի թիկնապահը եկել, լրագրողին խփել է: Դատախազություն դիմում է գրել, հետո խփել է, իսկ խփելուց հետո քաղաքացիական հայց է ներկայացրել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մեղադրանքներին:
«Այդ ո՞ր տրամաբանության մեջ եք դուք ապրում, աշխատում, արարում: Դատախազություն եք դիմում, հետո տղայավարի խփելով փորձում հա՞րց լուծել, հետո էլ քաղաքացիական հայց ներկայացնո՞ւմ: Մեզանից ի՞նչ եք ակնկալում այդքանից հետո: Որ պիտի ծափերով ողջունե՞նք, ասենք՝ կեցցեք դուք ու ձեր թիկնապահնե՞րը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ ընդդիմադիր պատգամավորներից ոչ ոք իր ելույթներում գոնե ձևական չի դատապարտել լրագրողի նկատմամբ բռնությունը:
«Գոնե ձևական չասացիք, որ ցանկացած բռնություն դատապարտելի է: Ի՞նչ եք սպասում, որ պիտի անենք դրանից հետո: Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորերով չենք ծնվել»,- ասաց Ալեքսանյանը:
Նա անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքերին, թե իշխանությունը հավերժ չէ, պատասխանեց՝ դուք մեզ լավ չեք ճանաչում:
«Ես ձեզ պիտի հիասթափեցնեմ: Այն հայտարարությունները, որ մենք այստեղից ենք անում, իմացած լինեք, որ դրանից շատ ավելի կոշտ, շատ ավելի հետաքրքիր հայտարարություններ արել ենք, երբ եղել ենք ընդդիմադիր՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու: Ի տարբերություն ձեր խմբակցության որոշ ներկայացուցիչների՝ մեր խոսքը, մեր ազատամտությունը, մեր արտահայտվելու ունակությունը պաշտոնի կամ պաշտոնի եղած հայրիկի բերումով չէ, որ կա: Մենք մեր սկզբունքները, մեր մոտեցումները ի պաշտոն եղած ժամանակ չէ, որ արտահայտում կամ արտահայտելու ենք»,- նշեց պատգամավորը:
Դիմելով Սեյրան Օհանյանին՝ ընդգծեց՝ թող ընդդիմադիր պատգամավորները չմտածեն, թե հին ժամանակները եկել են:
«Ոչ մի պարագայում չմտածեք, թե հին ժամանակները կարող են ինչ-որ մի պահի վերադառնալ: Չեն վերադառնալու այդ ժամանակները, պարո՛ն Օհանյան: Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, քաղաքացիներին ծեծելու, զուգարաններում սպանելու ժամանակները: Այդ ժամանակները երբեք չեն վերադառնա»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող անձը բռնություն էր գործադրել Civic.am-ի լրագրողի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով: