Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
ՆԳՆ ոստիկանության Իջեւանի բաժանմունք Կիրանցից բերման ենթարկվածներից մեկն արդեն դուրս է եկել, հերթով դուրս են գալիս: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Ոստիկանության Իջևանի բաժանմունք էր գնացել բերման ենթարկվածներին տեսնելու:
«Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել, մարմնական վնասվածքներ ունեն: Մոտ երեսուն հոգի բերման է ենթարկվել` երեքը անչափահաս են»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում են գյուղ հասնել և իրավիճակին ծանոթանալ:
«Գյուղը երկու կողմից փակված է` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից: Սպասում ենք դուրս գան, շարժվենք դեպի գյուղ` տեսնենք ի՞նչ է կատարվում»:
Նշենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել: