Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա, քաղաքացիներ են բերման ենթարկվել․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց:
Պատգամավորը հայտնել է, որ այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում և գրառմանը կից նաև տեսանյութ տարածել:
Ավելի ուշ նա ևս մի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:
«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի», - գրել է նա:
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Տավուշում ոստիկանության տարածքային բաժին է տարվել 31 քաղաքացի։ Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):