Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը. Փաշինյան
«Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք ասում ենք` պետք է վերարտադրել սահմանը, դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` երկու հատվածում արդեն սահմանային սյուներ են տեղադրել: Վարչապետը նշել է` քարտեզի վրա պատկերացում են ունեցել, թե որտեղ է այդ սյունը, բայց երբ գնում են` տեղում չափումներ անելու GPS կոչված սարքի միջոցով, որը գետնի վրա կոորդինատն է որոշում, լինում են շեղումներ։
«Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետև նրանց մանդատն է՝ իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը, այսինքն՝ այդ հատվածում սահմանի վրա ՊՆ դիրքեր չենք ունենա և, այսինքն` այո, հնարավոր է՝ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա, դիրքը դուրս է գալիս, քանի որ ՊՆ-ն այլևս այդ գծի վրա պաշտպանություն չի իրականացնելու»,- ասել է Փաշինյանը: