Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա չպահել պայմանավորվածությունը, քան լուծումը. Փաշինյան
Որքանով է երաշխավորված, որ Ադրբեջանը չորս գյուղերի հարցի լուծումից հետո նոր պահանջներ չի ներկայացնի Հայաստանին: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չորս գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին` դա անելու, քան հարցի լուծումը, ընդ որում` չորս գյուղեր ասելիս խոսքը այնպիսի գյուղերի մասին է, որ երբեք չեն գտնվել Տավուշի մարզի կազմում, մենք էդպիսի բնակավայրեր չենք ունեցել, Ալմաթիի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Էս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և պայմանավորվածությունից, քան այդ չորս գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի իրականացնելը»,- ասաց նա:
Ճշտող հարցին` որքան է հավանականությունը, որ սահմանազատումից հետո Ադրբեջանը նոր` միակողմանի հավակնություններ չի ներկայացնի, Հայաստանը զիջումներ չի գնա «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների վերադարձի առումով:
«Ես զարմանում եմ` մենք ինչ հետևողական ենք շարունակում օգտագործել Ադրբեջանի առաջ քաշած խոսույթները` այն պայմաններում, երբ ունենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն դեպքում, երբ պետք է օգտագործենք նման խոսույթներ: Ուզում եմ հետևյալ նրբության, որը իրականում էական հանգամանք է, դրա վրա ձեր ուշադրությունը հրավիրել. որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ և այլն, և այլն... երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է, սա շատ էական հանգամանք է, լեգիտիմությունը` արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»,- պատասխանեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով` 2021, 2022թթ․ իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են 4 գյուղի համատեքստում։ Այսինքն` ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում` հաջող, ցույց տալու, որ Հայաստանն է, որ գործում է իր լեգիտիմ գծերից անդին: