Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում։
Իրանական ավիացիոն իշխանությունները ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել են ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։