Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին եւ Ապրես Գրիգորյանին ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու հնչեղ գործով, աշխատանքից ազատվել է: Ո՞վ է պատասխան տալու դատախազներին` պետական բյուջեի միջոցների հաշվին որպես բարոյական վնաս փոխհատուցված գումարների համար: Մինչ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ աշխատանքից ազատվել են 90 դատախազներ, մենք, ինչպես որ ի սկզբանե խոստացել էինք, շարունակելու ենք լուսաբանել աշխատանքից ազատված այն երկու դատախազների գործը, որոնք չէին ընդունել սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու առաջարկն ու բռնել էին իրավական պայքարի ուղին:
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ Մարտիրոսյանի եւ Ապրես Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ու վերջում կարճել՝ արդարացման հիմքով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ հիշյալ դատախազների վերաբերյալ սուտ տվյալներ հայտնած Պինխասովաների փաստաբանը, ովզ հավանաբար, անմասն չի մնացել դատախազներին «շառի տալու» գործընթացից, հեռացել է երկրից:
Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Վարդգեսի Առաքելյանին, ով, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն ձգձգում է դատախազներին` նախկին պաշտոնից մեկ աստիճանով բարձր պաշտոնի նշանակելու գործով դատաքննությունը:
Տեղեկացանք, որ դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար: Կշարունակենք հետեւել դատավորի նկատմամբ հարուցված վարույթի ընթացքին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: