ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն հերթական «ձեռքբերումն» է գրանցել:
Նրանց իշխանության օրոք անցկացված Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, հօգուտ իշխող ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից դրանք չեն վրիպել:
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել:
Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել:
Ըստ Freedom house-ի զեկույցի՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահում` իշխող կուսակցության օգտին. օրինակ՝ կասկածելի իրավական հիմքերով քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավումը, կամ քարոզարշավի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող քաղաքային բարեկարգման ծրագրերը, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձ:
Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներին քաղաքապետարանի, վարչական և կրթական հաստատությունների աշխատակիցներ են մասնակցել։
Freedom House-ն իր զեկույցում նաև շեշտել է, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել, ինչը, ըստ կազմակերպության, վկայում է, որ հայ հանրությունը չի աջակցում ո՛չ հեղափոխական իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: