Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմարդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի և եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, մասնավորապես, կարևորել է կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացումը, Հայաստանի Հանրապետությունում ֆրանսիական տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովումը։
Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման համատեքստում քննարկվել են ռազմական արդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները։