Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
«Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու», -«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
«Ոչ միայն աջակցում եմ, այլ նաև համաձայն եմ իր բանաձևումի հետ, որ ճշմարտությունն, ի վերջո, պետք է հաղթի ստին»,- ասել է Ժիրայր Դադասյանը։
Հարցին՝ մարդիկ ընդվզում են թե՛ մարզերում, թե՛ Երևանում, քանի որ հասկանում են, որ զիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու։ Այս ընդվզումը կդառնա՞ համահայաստանյան, թե՞ միայն լոկալ բնույթ կկրի, նա պատասխանել է․
«Ես այն կարծիքին եմ, որ իհարկե, բոլորն էլ պետք է բարձրաձայնեն իրենց կարծիքը, խոսեն այդ մասին, բայց 2021թ-ից հետո այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում ու այն, ինչ ասում ենք, անձամբ ես դադարեցի խոսելուց, որովհետև զգացի, որ իմ ասածը տեղ չէր հասնում։ Հիմա ես մեծ հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ականջալուր կլինի Բագրատ Սրբազանի ու մեր հոգևոր հայրերի խոսքին, որովհետև ազնվագույն մարդկանց մասին է խոսքը, ինչքան էլ որ փորձեն պիտակավորել, ինչը մանր մարդկանց ձեռքի գործն է, որովհետև դա նախ՝ ոչ մի ազդեցություն չի թողնում ոչ մեկի վրա, ոչ էլ լուրջ է ընկալվում։ Ուղղակի ծիծաղելի է այն, ինչ անում են՝ փորձելով պիտակավորել այդ մարդկանց։
Մեր եկեղեցին իր հազարամյա պատմության ընթացքում ցույց է տվել, որ ժողովրդի կողքին է, և ես մեծ հույսեր եմ կապում մեր եկեղեցու հետ այս պայքարի հարցում։ Նաև ամեն ինչով պատրաստ եմ օժանդակել, որպեսզի եկեղեցու, ազգային գաղափարի շուրջ համախմբվելով՝ այս խնդիրներն ի վերջո լուծում ստանան»։