Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում շարունակվում են ուսանողների ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ։ Տեխասի համալսարանում ապրիլի 29-ին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Իսկ Կոլումբիայի համալսարանը ժամանակավորապես արգելել է ցուցարար ուսանողներին մասնակցել դասերին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ամբողջ երկրում համալսարաններում վերջին օրերին բողոքի ակցիաների մասնակցող գրեթե 1000 մարդ է ձերբակալվել։ Իսկ Տեխասի համալսարանում ապրիլի 29-ին առնվազն 40 ցուցարար է ձերբակալվել։ Մի խումբ ցուցարարներ շրջապատել են ձերբակալվածներին տանող ոստիկանական մեքենան․ իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային միջոցներ են օգտագործել՝ ամբոխը ցրելու համար։
Կոլումբիայի համալսարանի հարյուրավոր ուսանողներ էլ անտեսել են ցույցը դադարեցնելու համար ղեկավարության նշած վերջնաժամկետը, հետևաբար, նրանց կարգելվի մասնակցել դասերին և ավարտել կիսամյակը։
Ուսանողները պահանջում են, որ համալսարանները խզեն իրենց ֆինանսական կապերն Իսրայելի հետ։ Որոշ հրեա ուսանողներ էլ հայտնել են, որ ցույցերը հակասեմական դրսևորումներ են ստացել։
Ցույցերը տարածվել են նաև այլ երկրներում։ Ֆրանսիացի ոստիկանները տասնյակ ուսանողների են դուրս բերել Սորբոնի համալսարանից, երբ պաղեստինամետ ցուցարարները գրավել են գլխավոր բակը։ Իսկ Կանադայում ուսանողները ցույցեր են սկսել Օտտավայի համալսարանում, Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանում և Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։