ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) նախազգուշացրել են, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալման հրաման տալու հնարավոր որոշման դեպքում ԱՄՆ-ն կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ արդեն իսկ նախապատրաստվում է օրինագիծ, որը գործադիր իշխանությանը թույլ կտա արձագանքել ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հնարավոր հրամաններին։
Axios-ը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հրամաններ տալու որոշումը։ Ապրիլի 29-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հրաժարվել է մեկնաբանել Նեթանյահուի և Բայդենի հեռախոսազրույցը, սակայն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավանություն չի տալիս Իսրայելի դեմ Հաագայի դատարանի հետաքննությանը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարություն է տարածել՝ ձերբակալման հնարավոր հրամաններն անվանելով «խայտառակ» և «անօրինական»։ Նա նաև կոչ է արել, որ Բայդենի վարչակազմն օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ նման քայլը կանխելու համար։
Հիշեցնենք՝ Իսրայելը մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների առնչությամբ, որ Միջազգային քրեական դատարանը կարող է երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հրաման տալ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։
Միևնույն ժամանակ, Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, հղում անելով Հաագայում իր աղբյուրներին, հայտնել էր, որ դա տեղի չի ունենա առանց ԱՄՆ-ի հավանության։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ՄՔԴ-ն նաև դիտարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարներին ձերբակալելու հրամաններ տալու հարցը։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 130 պատանդ։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 34 400 պաղեստինցի է զոհվել, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։