Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ
Մեր ներկայացրած առաջարկները հաշվի չեն առնվել, նույն սցենարն էր, նույն զրույցը: Հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են, որովհետև մտածում էին, որ գնում ենք լավ լուր բերելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ խոսելով երեկ Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին:
«Մեր առաջարկները նույնն էին, ինչ առաջին անգամ էինք ներկայացրել, բայց իրավիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է մնացել»,-ասաց Կամո Շահինյանը՝ պատմելով, որ գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հուսահատված ու հուզված են դուրս եկել:
Գյուղապետի խոսքով, չնայած ամեն ինչին, տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը՝ հույսով, որ որևէ փոփոխություն կլինի:
Գյուղապետը նաև արձագանքնեց հանդիպումից հետո գյուղացիների հուզմունքի պատճառներին:
«Մարդը հանդիպումից հուզված դուրս ա գալիս, ու տեսնում , որ հրապարակում քեֆ, ուրախություն ա: Պատկերացնո՞ւմ եք մարդու վիճակը, որը հասկանում ա, որ ինքը չի կարում ապրի, իսկ քաղաքում սենց ա: Նրանք չեն մեղադրում քաղաքացիներին լավ ապրելու համար, այլ նեղվում են, որ իրանք էդպես չեն ապրում»,-պարզաբանեց Կամո Շահինյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Կիրանցի մի քանի բնակիչներ՝ վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ միասին եկել էին Երևան և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Տավուշի սահմանամերձ գյուղերի հարցը: Երկու ժամ տևած հանդիպումից գյուղացիները դժգոհ էին դուրս եկել: