Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Հանդիպումը տեղի է ունեցել ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների բուռն բանավեճի ֆոնին։
Պատգամավոր Խատիա Դեկանոիձեն պլաստիկ շիշ է նետել իր գործընկեր Գուրամ Մաչարաշվիլու վրա, երբ վերջինս նրան դավաճան է անվանել։
Իրավական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին դահլիճից հեռացրել է 14 պատգամավորի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցչի։ Նրանք բոլորն էլ քննադատել են օրինագիծը: Օխանաշվիլին դահլիճից նրանց վտարելու պատճառ նշել է կանոնակարգի խախտումը։
Առայժմ պարզ չէ, թե օրինագիծը երբ կքվեարկվի լիագումար նիստում։ Օրակարգը կորոշվի ապրիլի 30-ի առավոտյան բյուրոյի նիստում։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, պետք է երեք ընթերցում անցնի խորհրդարանում՝ օրենք դառնալու համար, ինչպես նաև պետք է հաղթահարի Վրաստանի նախագահի վետոն: Սալոմե Զուրաբիշվիլին նախապես հայտարարել է, որ ինքը մտադիր է արգելանք կիրառել օրենքի նախագծի հանդեպ: