Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:
Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման և դրանց աջակցելու համար:
Խոսելով Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի և հնարավոր զարգացումների մասին՝ կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ուղիները, մասնավորապես՝ նոր ծրագրերի մեկնարկը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ նախանշված արդյունքներին հասնելու նպատակադրմամբ։