Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը:
Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ, շնորհակալություն հայտնել նման միջոցառումների անցկացման համար:
Հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կրթության ոլորտում բարեփոխումներին, դպրոցների կառուցման ուղղությամբ կառավարության քայլերին, տարբեր մարզաձևերի տարածմանը, սպորտի զարգացմանը և այլ հարցերի:
Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:
Ապրիլի 15-23-ն անցկացված մարզային փուլերում ըստ տարիքային խմբերի հաղթող ճանաչված թիմերը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 28-ին կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին: