Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք
Եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները, ցավոք, ցույց տվեցին իրենց երկակի ստանդարտները, պատկերացնու՞մ եք Նավալնուն ծեծեին փողոցում այնպես, ինչպես գազանաբար ծեծեցին փողոցում ակցիա անող մեր հայրենակիցներին, կամ մի խոսքի, արտահայտության համար բանտարկեին, եթե դա տեղի ունենար Նավալնու հետ, ամբողջ աշխարհը օրը հարյուր անգամ դրա մասին կխոսեր, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
«Արևմուտքի երկակի գործելաոճն ինձ շատ զայրացնում է։ Եվրոպայից մարդիկ են գալիս, խոսում մարդու իրավունքների մասին, այն դեպքում, երբ 120000 հայ Արցախում էթնիկ զտման ենթարկվեց, Եվրոպան ոչինչ չարեց, ոչինչ չասաց, հիմա եկել մարդու իրավունքների մասին հերթապահ տեքստեր են ասում: Քանի-քանի քաղբանտարկյալ ունենք, մարդկանց սեփական կարծիքն արտահայտելու համար բանտարկում են, թիրախավորում։ Սա բացարձակ հակադեմոկրատական, հակաարևմտյան գործընթաց է: Մինչև 2018 թվականը, եթե ամեն անգամ իշխանությանը քննադատելու համար ձերբակալեին մարդկանց, հիմա այս կառավարող խումբը բանտում կլիներ, չէր էլ կարողանա փողոցներով քայլել: Այս ռեժիմը, որ խոստանում էր դեմոկրատիա, ասում էր՝ երեք միլիոն վարչապետ կունենանք, ռեժիմն իշխանության եկավ, դարձավ դիկտատոր, այնպես որ, հիմա հպարտ քաղաքացիներն անգամ սեփական կարծիքն արտահայտելու իրավունք չունեն»։
Հարցին՝ չունի՞ մտահոգություն, որ բռնաճնշումների ալիքն իրեն էլ կարող է հասնել՝ Խաչիկյանը պատասխանում է․«Ես երկար տարիներ ապրել եմ հայրենիքից դուրս և գիտեմ, որ դա լավ բան չէ, անգամ, եթե նյութական հաջողություններ եք ունենում, նույնը չէ, ինչ քո հայրենիքում ապրելը։ Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: