Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Ղարիբաշվիլի
րևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։
«Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, որ Վրաստանը ոչ մի անսովոր բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ճանապարհից։ Հնչեցին քննադատություններ և գնահատականներ, որ Վրաստանն իբր պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ճանապարհից։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նրա հավելել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը երաշխավորված է սահմանադրական մակարդակով, և այդ վեկտորի փոփոխությունը բացառվում է։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և երկրի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ չսկսել, քանի դեռ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ չի կանչվել։ Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-ի հետ Վրաստանի առանց վիզայի ռեժիմի վերանայման հնարավորության մասին։ Վրաստանի իշխանություններին քննադատել է նաև 14 ամերիկացի սենատոր, ովքեր նամակ են գրել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հրաժարվել օրենքի ընդունումից։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես՝ Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։ Բողոքի ցույցերը առաջին երեք օրերին վերաճեցին ոստիկանության հետ բախումների։