Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին
Կիրացնում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ տարածած տեսանյութին, որտեղ զինվորականներն ասում են, որ զղջում են երեկվա համար, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ասաց․
«Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի դեմ է այս գործընթացին՝ միակողմանի սահմանազատմանը։ Նույն պայմանգրային զինծառայողներն էլ տեսնելով այդ ամեն ինչը, որ իրենց ժողովրդի նկատմամբ բռնի ուժ են կիրառում ոստիկանության զորքերը, այդ տղաները՝ լինելով այս մարզից, այս գյուղերից, եկել են իրենց աջակցությունը հայտնելու, տեսնելու ինչ է կատարվում այստեղ։ Իրենց ծնողներին, իրենց քույրերին, իրենց երեխաներին, ո՞վ է ճնշում գործադրում իրենց նկատմամբ։ Բոլորս էլ ականատես եղանք քանի երեխա վատացավ, քանի կին վատացավ, քաշ տվեցին, բռնի ուժ կիրառեցին այդ ժողովրդի դեմ, սեփական ժողովրդի դեմ, ովքեր իրենց հողն են պաշտպանում, իրենց հողի համար պայքարում են, որ թուրքը չմտնի իրենց հողը։ Այդ մարդիկ, այդ պայմանագրային զինծառայողներն էլ ընդամենը եկան աջակվցություն հայտնելու, աջակցեցին, տեսան իրենց ժողովրդին, ես ինքս, որպես նախկին զինվորական հորդորեցի՝ տղեք ջան ձեր տեղը սահմանն է, գնացեք ձեր սահման։
Այսօր էլ ՔԿ-ն նյութեր է հրապարակում, թե ինչպես են մարդիկ ասում մենք զղջացել ենք և այլն։ բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց վրա ճնշում են գործադրել։ Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել»։
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ: Քաղաքացիները վրաններ են տեղադրել ճանապարհին։