Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։
Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024 թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր:
Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ առհամարական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Նշված դեպքի առթիվ 2024 թ․ ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 01:41-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց։ Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերնշյալ քրեական վարույթները միացվել են։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: