Մի իշխանություն, որը 2018-ին խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին․ Տիգրան Աբրահամյան
Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում, գովերգում և խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին:
Ու սա այն դեպքում, որ եթե 2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր, ապա այսօր մարդիկ բառիս բուն իմաստով, իրենց ընտանիքների ու տան պաշտպանության դիրքերում են:
Մի հանգամանք էլ` երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին: Իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»: