Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Ռիշի Սունակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով. Crux
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով՝ հայտնում է Crux-ը:
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիկան եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ: Վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը ոչ միայն խորհրդանշական նշանակություն ունի, այլև վայրագությունների դեմ հստակ հայտարարություն է, ինչպես նաև քայլ՝ ապագա ցեղասպանությունները կանխելու համար:
«Միացյալ Թագավորությունը միշտ եղել է համաշխարհային ասպարեզում մարդու իրավունքների և արդարության պաշտպանության առաջնագծում։ Պատմական անձինք, ինչպիսիք են նախկին վարչապետներ Դևիդ Լլոյդ Ջորջը և Սըր Ուինսթոն Չերչիլը, բացահայտ խոսել են 1915-1923 թվականներին հայերի զանգվածային սպանությունների մասին՝ դրանք անվանելով համապատասխանաբար «1915 թվականի Հոլոքոստ» և «հայերի վտարում Փոքր Ասիայից»,- ասված է նամակում:
Եկեղեցականները հիշեցրել են, որ Միացյալ Թագավորության առանցքային դաշնակիցները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և մի քանի եվրոպական երկրներ, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում: Հոգևորականները նշել են նաև, որ Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էր։