Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Ղրղզստանի հատուկ ծառայությունները վերացրել են մեծ խմբաքանակներով թմրամիջոցների մատակարարման անդրազգային ուղին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը։
«Կասեցվել է անդրազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որը կազմակերպել էր թմրանյութերի մաքսանենգության կայուն ուղի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Մամուլի կենտրոնի տեղեկատվությամբ՝ միջազգային սխեմայում ներգրավված են եղել Ղրղզստանին սահմանակից Ղազախստանի, Չինաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։
«Կատարված լայնածավալ օպերատիվ աշխատանքների շնորհիվ Բիշքեկ քաղաքի պահեստային շենքերից մեկում հայտնաբերվել է մեծ ծավալի կակաչի ծղոտ՝ ավելի քան 4 տոննա ընդհանուր քաշով», - նշել է մամուլի կենտրոնը։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այն պարունակում է մոտ 350 կգ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ կոդեին և մորֆին։
Հարուցվել է քրեական գործ:
Թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել են Ղրղզստանի երկու քաղաքացիներ: