Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին:
Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ 2023 թ. փետրվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ներդրվել է նոր համակարգ, որը հնարավորություն է ստեղծել իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:
Համակարգի ներդրմամբ կարճ ժամանակում ապահովվել են անհրաժեշտ թվային լուծումներ, որոնք ֆունկցիոնալության գնահատման ճանապարհին մի շարք այլ երկրների համար կարող է լավագույն օրինակ ծառայել։
2023-ին անձի ֆունկցիոնալության գնահատում է իրականացվել 11.930 անձի նկատմամբ։
Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին՝ նախարարը Հանրապետության նախագահին հայտնել է, որ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն առավել հասցեական։ Նախատեսված է նոր համակարգը ներդնել փուլային տարբերակով՝ 2024 թվականից․ այն հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ինչի ճանապարհին պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչն էլ ընտանիքներին հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք, կայուն զբաղվածություն և բարելավել կենսապայմանները։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ համաձայն համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքների նպատակ է դրված՝
-մինչև 2026 թ. 20%-ով կրճատել նպաստառու ընտանիքների քանակը.
-25 տոկոսային կետով բարձրացնել հասցեականությունը (նպաստների 75-80%-ը կուղղվի բնակչության ամենաաղքատ 20%-ին).
-վերացնել ծայրահեղ աղքատությունը.
-մեղմել աղքատության աստիճանը.
-ստեղծել հնարավորություն՝ թվայնացված գործիքակազմով ընդունել ավտոմատացված որոշում:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը լիազորությունների սահմաններում աջակցել ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախատեսվող ծրագրերի կյանքի կոչման գործում: