ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ
«Պետությունները պետք է պահանջեն անհապաղ և անվերապահ հրադադար և պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ՝ հետագա աղետներից խուսափելու համար: Այս պահին Իսրայելն այն աստիճան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ դա արդարացնում է պատժամիջոցների կիրառումը»: Նման կարծիք է հայտնել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո:
Հատուկ զեկուցողը նշել է, որ Իսրայելի իշխանությունները հերթական անգամ մերժել են իր մուտքը օկուպացված պաղեստինյան տարածքներ, ուստի այնտեղ տիրող իրավիճակի մասին նա տեղեկություն է ստացել հարևան երկրներում ապաստանած պաղեստինցիներից։
Անդրադառնալով Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելուն՝ նա կարծիք է հայտնել, որ «մինչ այժմ կիրառված միջոցները, այդ թվում՝ օդային ճանապարհով օգնության առաքումները, լրիվ անբավարար են իսրայելական հարձակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետը մեղմելու համար»: