Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տրվել խոսել ընտանիքի հետ
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:
Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են: Դատական նիստն ի սկզբանե սպասվում էր հունվարին, սակայն առանց որևէ հիմնավորման հետաձգվել էր մինչև մայիս:
Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։