Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Նայելով փողոցներում նստող ԱԺ նախկին գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանին, Լարիսա Ալավերդյանին ու մյուսներին, պատգամավորական հիշողություններիս մեջ շառաչուն մի ապտակ է գալիս․․․
Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ «Նիկոլ հայրենիք ես տալիս, չենք թողնելու»․․․
Ու հիշողություններով գնում ես 2010թ․՝ Ազգային ժողովի քառոօրյա նիստերից մեկը։ Երեկոյան ժամը 17։00-ի մատույցներ, երբ ԱԺ բացարձակ դահլիճում նիստը նախագահողի ու իմ մի քանի ընկերների հետ դահլիճում սկսվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի քննարկումները, ու որքան հիշողությունս չի դավաճանում, ելույթի համար միայն 1 մարդ գրանցվեց՝ Ստյոպա Սաֆարյանը․․․ Իմ ելույթից հետո դատարկ դահլիճում օրենքի քննարկման մասնակիցների թիվը միայն մեկով ավելացավ՝ դահլիճ մտավ ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը ու ամբիոնից իջնելուց հետո ասեց՝ որ իմ ելույթի ու մտահոգությունների պատճառով է եկել դահլիճ․․․
Դեհ, լրատվամիջոցներից առանց բացառության ոչ մեկ չկար․․․
Մինչ այդ քննարկումն էլ, երբ իմ գործընկեր Լարիսա Ալավերդյանը չէր մասնակցում իրեն կցված 2-րդ հանձնաժողովի՝ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստերին, ստիպված ինքս էի իմ վրա վերցրել դա որպես արդեն թվով 3-րդ հանձնաժողով, ու այնտեղ նախագծի քննարկման ժամանակ էի խնդրել, աղաչել Խաչիկ Մանուկյանին, որպեսզի որպես նախագահ նա այդ անասելի հաստափոր հավելվածներով օրենքը տանի ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստերով քննարկի մարզերում, համայնքներում ու այսպես հապճեպ չընդունվի։
Վերջին անգամ նրան ու մեծամասնությանն ուղղված այդ խնդրանքս ԱԺ բակում արեցի, երբ նա պատասխանեց, թե լավ բան եմ ասում, այդպես կանի, բայց այդպես էլ չիմացանք՝ այդ օրենքի նախագիծը տարա՞ն գյուղեր, ինչ ասեցին օրինակ Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչները ու նախկին գյուղապետերը՝ ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական, ԲՀԿ-ական կամ ՕԵԿ-ական, հավելվածի այն հատվածների վերաբերյալ, որտեղ Բաղանիսի ու Բաղանիս Այրումի, Ոսկեպարի ու Աշաղի Ասկիպարայի, Կիրանցի ու Խեյրմլիի, Բերքաբերի ու Քիզիլ Հաջիլիի միջև սահմանը անվանվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահման․․․
Իսկ դուք բոլորդ՝ չորս խմբակցություններով հաջորդ օրն ուրախ-ուրախ ժամը 11։00-12։00 միաձայն քվեարկեցիք բոլոր օրենքների ու նար դրա տակ, որտեղ ոչ Բաղանիս Այրումը, ոչ Աշաղի Ասկիբարան, ոչ Խեյրմլին, ոչ Քիզիլ Հաջիլին չէիք համարել Հայաստանի Հանրապետություն ու հայրենիք, այլ համարել էիք Ադրբեջան․․․
Ու այս ամենին իմ հորդորով դեմ քվեարկեցինք միայն ես, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը․․․
Անգամ Լարիսա Ալավերդյանը կրկին քվեարկությանը չկար․․․
Իսկ դրա տակ քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը․․․ Չէիք հիշում, որ մի X ժամի Հայաստանը ետ է քաշվելու այնտեղից, որովհետև դուք այն դուրս եք դրել այսօրվա ավելի մեծ «հայրենիքից»․․․ Բա եթե Աշաղի Ասկիպարան՝ 6-7-րդ դարի հայոց սուրբ Աստվածածին եկեղեցու կողքի գյուղը, հայրենիք էր, իսկ եկեղեցին՝ արժեք, բա ինչո՞ւ այդ եկեղեցու մասին 2010թ․ չէիք հիշում․․․ Իսկ ձեր ուրվագծած սահմանով այն, ուզես թե չուզես, ընկնում է սահմանի պռնկին․․․
Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, որ դուք Փարիզներ ու Ստրասբուրգներ գնալու փոխարեն ճանապարհորդեիք ձեր հայրենիքի գյուղերում ու իմանայիք գոնե սահմանամերձ գյուղերի տեղերն ու ռիսկերը Հայաստանի արտաքին սահմանային ուրվագծի օգտին քվեարկելուց առաջ․․․
Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք Ստեփան Սաֆարյանի ու նրա հայրենակիցների հայրենիքը․․․
Չեմ հավատում։ Ու դուք գիտեք, թե ինչու․․․ Ու այսքանը գրեցի, որ մնացածն էլ իմանան, որ այս ամենի համար ոչ պակաս չափով պատասպանատու եք բոլորդ»․․․