Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Պատգամավորն ընդգծել է, որ դժվարին բոլոր ժամանակներում Ֆրանսիան Հայաստանի կողքին է:
«Ներկայում հայ-ֆրանսիական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են»,- նշել է հանձնաժողովի նախագահը` խոսելով միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը: Անդրանիկ Քոչարյանն առանձնացրել է Ֆրանսիայի Սեն-Սիր եւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաների փոխգործակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին` Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը եւ սեփական ժողովրդի անվտանգությունը, ինչը յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքն է:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացից, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման իրականացման կարեւորությունից:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարեւորությանը` Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել դրա իրականացման հարցում Ֆրանսիայի աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը կարեւորել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումները եւ նշել, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այդ հարցում: Նա ողջունել է Հայաստանի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը:
Ապրիլի 25-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, անդամներ Վիլեն Գաբրիելյանը եւ Գուրգեն Մելքոնյանը: