Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին
Հայաստանի ազգային ժողովը դեռ չի ստացել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված հարցումը։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովին մասնակցել ու ելույթ էր ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանի ելույթը դժգոհություն էր առաջացրել Մոսկվայում։ Մասնավորապես, Ռուսաստանում դժգոհությունների առիթ էր տվել Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը։ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու վերաբերյալ նամակ են ուղարկել ՀՀ Ազգային ժողով։
«Թող գա նամակը, հասկանանք՝ ինչ են գրել, ինչ չեն գրել։ Համաժողովի անվանումը եղել է «Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա»։ Ես անօրինական բառը հանել եմ, որ հանկարծ իրենց հույզերի հետ չխաղամ։ Իմ ելույթի մեջ որևէ բան չկար, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Ի՞նչ նոր բան եմ ասել, Հայաստանը չի ճանաչո՞ւմ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի՞նչն եմ նոր ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել։ Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան էլ չի ճանաչել, Թուրքիան հատուկ ասել է, որ Ղրիմը չի ճանաչում։ Ուզում եմ հասկանալ՝ իրենց ուժը մեզ վրա է պատո՞ւմ։
Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջոցառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ճանաչում է բոլոր հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը։
Ապրիլի 22-ին Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
Այդ հայտարարության հետ կապված ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում պատրաստել և ուղարկել Հայաստանի խորհրդարան»։