Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան
Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը կֆիքսեն պետական սահմանը։
Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատված հատվածներում կտեղակայվեն սահմանապահները։
«Մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասաց ԱԺ նախագահը։
ԱԺ նախագահը նշեց, որ այս ամբողջ գործընթացը երկու երկրների միջև սահմանի ճշգրտումը իրականացնելու սկիզբն է։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք եկել հասել ենք նրան, արդեն սյուներ ենք դնում և ֆիքսում ենք սահման։ Այդ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլ նաև ադրբեջանական կողմի համար։ Սահման ունենալը միակողմանի զիջո՞ւմ է։ Միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը։ Դա զիջո՞ւմ է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հիմա այդ տարածքը ավելի պաշտպանված է։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել, Սիմոնյանը նշեց, որ դա նշանակում է, որ 10-12 կիլոմետր տարածքում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։