Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքում: Միջոցառմանը մասնակցել է նաև Լեերի քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Քլաուս Պիտեր Հորսթի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Խաչքարը տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին ՝ Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներ Ալբերտ և Սամվել Թովմասյանների նախաձեռնությամբ: Լեերի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել հայկական խաչքարը ներառել պատմական հուշարձանների ցանկում՝ պետական հոգածության ներքո:
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաև գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ, Լեերի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, որն էլ ստորագրել էր հայկական հուշաքարը Գերմանիայում տեղադրելու որոշումը: