«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել
2024թ․ ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին Aysor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին:
Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։