Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ
Ականազերծման աշխատանքներին սպասում ենք՝ տեսնենք որտեղից են սկսելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչներից մեկը:
«Մեր գյուղը, մեր Կիրանցը դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ պայքարի մեջ է եղել: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
Մենք ուզում ենք մեր դժգոհությունն արտահայտենք, ես ուզում եմ իրենք մի հատ ներկայացնեն Հայաստանն ապագա ունի՞, ո՞ւր է տանում այս ամենը, կործանմա՞ն: Մինչև երբ եք հող տալու, հերիք է, թող զենք տան մենք մեր հողը կպահենք: Կիրանցն անպարտելի է»,- նշեց կիրանցին: