Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կատարվել է նաև Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հավատավոր ժողովրդին ուղղված իր խոսքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշեց, որ Մեծ եղեռնի՝ դեռևս չսպիացած վերքին ավելացավ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով արցախահայության բռնի տեղահանումը:
Նա նշել է, որ 2023 թվականին ականատես եղանք նոր ցեղասպանության, երբ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը հավելել է, որ Հայաստանի սահմանները նույնպես հանգիստ չեն և հայ ժողովրդին համախմբվելու կոչ է արել։
Պատարագից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողություն: Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես: Այսօր հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև ՌԴ այլ քաղաքներում գործող հայկական կազմակերպությունների կողմից: