Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է.
«Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն, իսկ առավել հավանական է` այդ հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրության նախանշան: Հայաստանն այսօր հասցվել է այնպիսի վիճակի, որ իրավահաջորդները, որոնք նախկինում ապրիլյան այս օրերին փորձում էին կամ լուռ մնալ, կամ լղոզված ուղերձներով մշուշել լրատվական դաշտը, այլևս անթաքույց պայմաններ և պահանջներ են թելադրում:
Մի պահ պատկերացրե՛ք աշխարհի արձագանքը, եթե Հոլոքոստի տարելիցին Գերմանիայի որևէ ղեկավար փորձեր քարոզներ կարդալ, առավել ևս` պահանջներ թելադրել Իսրայելին: Այսօր ուղերձներն ու հեռագրերն առ ոչինչ են, եթե չկա հնչող անբարտավան հայտարարություններին համաչափ արձագանք: Այդ արձագանքը Հայաստանի անվտանգությանն աջակցելու պատրաստակամության խոստումների նվազագույն փորձաշեմն է:
Անկախ նրանից, թե անվտանգության ապահովման ինչ ճարտարապետություն կորդեգրի Հայաստանն այսօր կամ ապագայում, մինչև Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ընդունումը, դատապարտումն ու մեղքի ճանաչումը, այդ հանցագործության ռեցիդիվի կանխարգելումը պետք է մնա Հայաստանի ռազմավարական դոկտրինի առանցքում, քանի որ ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ` անվտանգային դաշտի իրական սպառնալիք է:
Թե բա՝ խաղաղության խաչմերուկ…
Գարուն ա, ձյուն ա արել…»։