Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը
Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից:
Մարզկենտրոն Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:
Ծաղիկներ են խոնարհվել նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված և հուշակոթողի հարակից տարածքում ամփոփված հայորդիների շիրիմներին ու 44-օրյա պատերազմում նահատակված տղաների հիշատակը անմահացնող հուշակոթողին:
Մարզի մյուս համայնքներում ևս հարգանքի տուրք է մատուցվել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: