Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն. Հունաստանի նախագահ
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Օսմանյան կայսրության վերջին շրջանում ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի։ Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում։
Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև բռնության և մարդկության հանդեպ ատելության դեմ մշտական զգոնությունը, էական նշանակություն ունեն կանխելու նման հանցագործությունների կրկնությունն ու ապահովելու ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»,- ասված է հայտարարության մեջ: