Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերությունը ռազմական ռեժիմի տեղափոխելու մասին: Այդ մասին տեղեկացնում է լեհական interia.pl կայքը։
Հայտարարությունը Սունակը հնչեցրել է Վարշավայի 1-ին զրահատանկային բրիգադի շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Նա մանրամասնել է, որ կառավարությունը 10 միլիարդ ֆունտ ստերլինգ է հատկացնելու է Բրիտանիայի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար։ «Գումարը նպաստելու է բրիտանական ձեռնարկությունների արտադրության աճին, արտադրական կարողությունների ավելացմանը պատրաստ լինելուն և անհրաժեշտության դեպքում մշտական արտադրության անցնելուն»,- նշել է Սունակը՝ հավելելով, որ Բրիտանիան կհամալրի իր զինանոցը և, միաժամանակ, կաջակցի երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը:
Բացի այդ, Լոնդոնը մտադիր է ավելացնել հետազոտություններին և մշակումներին ուղղվող ծախսերը՝ հասցնելով պաշտպանական բյուջեի առնվազն 5 տոկոսի: Կառավարությունը պատրաստվում է նաև ավելի շատ ներդրումներ կատարել անօդաչու թռչող սարքերի ստեղծման գործում և հիմնել պաշտպանական նորարարությունների գործակալություն:
Սունակը նշել է նաև, որ Ուկրաինային ռազմական աջակցություն կտրամադրվի առնվազն ներկայիս մակարդակով՝ այնքան ժամանակ, որքան կզգացվի դրա կարիքը: Ավելի վաղ նա հաստատել էր, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի 500 միլիոն ֆունտ ստերլինգի (ավելի քան 617 միլիոն դոլարի) չափով աջակցության խոշորագույն փաթեթը, ինչպես նաև 400 տրանսպորտային միջոց, հազարավոր զենքեր, այդ թվում՝ «Storm Shadow» հեռահար թևավոր հրթիռներ։