ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել Իրանի հետ առևտրի ոլորտում այլ երկրների կնքած պայմանագրերի առնչությամբ այն բանից հետո, երբ Պակիստանը և Իրանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է պակիստանյան Samaa TV լրատվամիջոցը։
Ի պատասխան Պակիստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրերի վերաբերյալ հարցման՝ Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Պակիստանի խոշորագույն արտահանման շուկաներից մեկն է։ Նա խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դիտարկում են Իրանի հետ առևտրային համաձայնագրերի կնքումը։
«Մենք խորհուրդ ենք տալիս Իրանի հետ գործարար համաձայնություններ դիտարկող ցանկացածին զգուշանալ պատժամիջոցների հնարավոր վտանգից», - մեջբերում է լրատվամիջոցը Միլլերի խոսքերը։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հստակ չի նշել Պակիստանի անունը, սակայն հիշեցրել է Իսլամաբադի և Վաշինգտոնի առևտրային և տնտեսական կապերի մասին։
«Մենք նաև եղել ենք վերջին 20 տարիների ընթացքում Պակիստանի առաջատար ներդրողներից մեկը։ Պակիստանի տնտեսական հաջողությունը մեր երկուսի շահերից է բխում, և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր գործընկերությունը շարունակելուն», - հավելել է Միլլերը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Երկու երկրները ստորագրել են 8 երկկողմ համաձայնագրեր։ Իսլամաբադում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնելու 10 միլիարդ դոլարի։