Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո Մանոյան
Առաջին անգամը չէ որ Թուրքիայի իշխանությունները չեն հասկանում՝ Ցեղասպանությունը Հայ ժողովրդի համար ինչ է նշանակում, փորձում են ներկայացնել սա որպես Սփյուռքի հարց, չեն հասկանում՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը, եթե ոչ ավելին, այդ նույն ցեղասպանության վերապրածների ժառանգներ են։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը:
Մանոյանի կարծիքով՝ մեր ժողովրդի կեցվածքը կհիասթափեցնի նրանց։
«Իրենց այս մոտեցումը կրկին ցույց է տալիս՝ իրենք իրականում Հայաստանի հետ հաշտության գալու, Հայաստանի պետականության առկայությունը ընդունելու ցանկություն չունեն։ Էրդողանը ասում է՝ պատուհանը քիչ ժամանակով պետք է բաց մնա, իրենք տեսնում են այդ պատուհանը՝ այս իշխանություններն են, իրենք էլ հասկանում են, որ այս իշխանությունները երկար չեն կարող դիմանալ այս վարքագծով և ուրեմն կոչ է անում հենց թուրքերին, որ առիթն է հիմա օգտվեն, իսկ Հայաստանին փորձում են վախեցնել, թե մինչև վերջ չենք կարող սպասել»,- ասաց նա։
Ըստ Մանոյանի՝ մի քանի տարի առաջ երբ Հայաստանն ավելի ուժեղ էր, Թուրքիան խոսում էր, թե ինչ-որ բան եղել է և պետք է մասնագետները պարզեն, թե ինչ, հիմա արդեն լրիվ ուրիշ ոճով է խոսում պարտված Հայաստանի հետ։
«Իրենք այս առիթները միշտ էլ օգտագործելու են, երբ Հայաստանը մի քիչ ավելի թույլ լինի, իրենք փորձելու են հնարավորինս պոկել Հայաստանից․ հիմա էլ ասում է՝ ինչ ուզում ենք տվեք, այս պատմությունից վերջանանք։ Բայց անհիմն հիշողություններ ասել՝ նշանակում է, որ Թուրքիան, իր ժողովրդի, իր պետության պատմությունը չի ճանաչում, չի ընդունում։ Անհիմն հիշողություն չի կարող լինել, եթե մարդը ապրել է դա, այդ ապրածն է հիշում։
Իսկ մեր դեպքում մեծ հարված է հասցրել մեր ժողովրդին այդ Ցեղասպանությունը։ Իհարկե, չի նշանակում, որ գլուխներս կախ որպես զոհ պետք է ապրենք, բայց ազդեցություն թողել է և այդ ազդեցության գծերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի այս պետությանը ոչ մի հիմք չունենք վստահելու։ Հայստանի իշխանություներն էլ այդ խաղերը որ տալիս են, իբր նոր բան են փորձում, իբր խաղաղություն, Փաշինայնը վաղը դա էլ կարող է ասել՝ չհիշենք, որ Թուրքիայի հետ հաշտ ապրենք»,- ասաց նա։
Հարցին՝ եթե գանք ինչ-որ մի կետի և հրաժարվի մեր կառավարությունը Ցեղասպանությունից, պահանջներից, մեզ որպես պետության, դրական իմաստով որևէ բան կտա՞ դա, նա պատասխանեց․ «Չէ, պարզ է՝ Թուրքիան բաց սահմաններում, թե փակ սահմմաններում իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկտմամաբ չի փոխել։ Այսօրվա Էրդողանի ասածից էլ հայտնի է, որ չի փոխելու և չեմ կարծում, թե վաղն առավոտվանից կամ 5 օր հետո փոխելու է»։
Ճշտող հարցին՝ Դուք կարծում եք՝ անկախ նրանից՝ մենք Ցեղասպանության մասին հիշողությունները մի կողմ կդնենք, թե չենք դնի, կհրաժարվենք պահանջատիրությունից թե ոչ, Թուրքիայի վարած հակահայ քաղաքականությունը չի՞ փոխվի, Կիրո Մանոյանը պատասխանեց․ «Հակառակը՝ մեզնից ամեն իմաստով հնարավորը պոկելու, ամեն ձևով մեզ հնարավորինս ճնշելու քաղաքականությունը շարունակվելու է և Փաշինայնի սխալը, եթե չասենք դավաճանությունը, հենց դրա մեջ է, որ չի հասկացել դա։ Այսօր մարդն արդեն խոսում է չհիշելուց, ասում է անհիմն մի հիշեք, չի ասում՝ մեզնից բան մի պահանջեք, արդեն ասում է՝ մի հիշեք և արդեն վաղը եթե չհիշենք այլ բան պետք է ասի, կասի՝ մի շնչեք։ Այսինքն՝ վերջ չունի որովհետև դա բխում է իրենց այն քաղաքականությունից, որ մենք խոչընդտոում ենք մեր պարզ գոյությամբ իսկ իրենց պանթուրքիստական ծրագրերի իրականցմանը և ուրեմն կամ պետք է գոյություն չունենանք, կամ եթե գոյություն ունենանք պետք է այդ գոյությունը իրեցնից կախված լինի և քարշ տանք»։