Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար
Մեր դիրքորոշումը մնացել է նույնը, որը երեկ ներկայացրել ենք փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։ Նա ևս ընդգրկված է սահմանազատման հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում։ Բաղանիսի վարչական ղեկավարը հայտարարեց, որ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի խմբի հետագա աշխատանքներին։
«Լսեք թե ոնց է անցել․ մենք փշալարին չենք վստահում, իրենց այդքանն ասել եմ։ Նաև ասել եմ, որ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք։ Եթե հայկական դիրք է տեղափոխվելու, հենց հիմա ինձ հանեք այդ հանձնաժողովի խմբից, ես ձեզ հետ քննարկելու բան չունեմ։ Ես զինվորի արյունով գծած սահմանն ուրիշ տեղով չեմ ճանաչումն»,- վրդովված ասաց Գևորգ Սահակյանը։
«Ազատության» հետ զրույցում էլ Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները հայտնել են, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած:
Վարչական ղեկավարները նաև հայտարարել են, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։