«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)
Ֆրանսահայ լրագրող, Արցախյան ազատամարտի մասնակից Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանից չեն թողնում մուտք գործել Հայաստան։
Ինչպես նշել է Նիկոլյանն իր տեսաուղերձում, իրեն պարզապես հայտնել են, որ իր մուտքը Հայաստան արգելված է, սակայն չեն նշել արգելքի պատճառները։
Լրագրողը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից և մտադիր է հացադուլ հայտարարել՝ մնալով օդանավակայանում։
«Ես գնացող չեմ։ Ես իմ կյանքը նվիրել եմ Հայաստանին, Հայաստանի համար վիրավորվել եմ, նրա համար այստեղ եմ մոտ երկու տարի ու այստեղ էլ կմեռնեմ։ Այստեղ՝ Զվարթնոց օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք», - նշեց Նիկոլյանը՝ շեշտելով, որ գուցե մուտքի արգելքի պատճառն այն է, որ ինքը Ոսկեպարում է եղել ու լուսաբանել այնտեղի դեպքերը։