Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշինյանը` Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման մասին
«Հայաստանի հարևան երկրներն են Իրանը, Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, ՌԴ-ի հետ մենք անմիջական սահման չունենք, բայց իհարկե, ՌԴ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ էական և լուրջ դերակատար է»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունների սերտացմանը, վարչապետը նկատել է.
«Իրականում մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, եթե նույնիսկ շատերը բերում են օրինակը, որ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացել են, հեղափոխությունից առաջ Հայաստանը և ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր: Այդ պայմանագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն մեր կառավարության վրա ընկավ, իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ` մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու, բայց ես նկատի ունեմ` եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից և հոսքերից դուրս գանք, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում, եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թ. հեղափոխությունից հետո մենք նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, ռազմավարություն է»:
Փաշինյանը շեշտել է` կա նաև մեկ ուրիշ հանգամանք, որը էական է, և դա արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումն է:
«Եթե շատ ուղիղ և անկեղծ ասեմ, դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որովհետև մենք արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, բայց միայն մենք չէ, որ դիվերսիֆիկացնում ենք, այլ նույնիսկ նրանք, ովքեր մինչև 2022 թ. համարում էին, որ բավարար չափով դիվերսիֆիկացված են: Այո, մենք որոշակիորեն տեսնում ենք ԵՄ հետ հարաբերությունների մերձեցում, բայց իմ արձանագրմամբ` այստեղ արտառոց ոչինչ տեղի չի ունենում, դա մի կուրս է, որը ՀՀ-ն ամենևին էլ նոր չի որդեգրել»,- ասել է նա: