Երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում․ Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետության ո՛չ ռազմական, ո՛չ էլ պաշտպանական դոկտրինում խոսք չկա միջուկային զենքի մասին: Մենք արդեն բազմիցս հնչեցրել ենք Իրանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ, այդ դոկտրիններում վերափոխումներ չեն կատարվել», - Քանաանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրն «իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով և երկար տարիներ գործել է միջազգային կանոններին համապատասխան»։
«Այս առնչությամբ խաղաղ ատոմի զարգացմանն ուղղված մեր գործունեությունը շարունակվում է և կշարունակվի», - հավելել է նա։
Ապրիլի 18-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ահմադ Հաքթալաբը նշել էր Թեհրանի պատրաստակամությունը՝ վերանայելու իր միջուկային դոկտրինն այն դեպքում, եթե Իսրայելը սպառնա հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։