Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և կարևորել Հայաստան-Լիտվա խորացող բարեկամական հարաբերությունները, որն ընդգծվել է նաև երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ։
Քննարկվել են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկու երկրների նախարարները ներկայացրել են իրենց երկրի էներգետիկ համակարգը։
Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսը ներկայացրել է ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ինքնաբավ էներգետիկ համակարգին անցնելու, ինչպես նաև էներգիայի կուտակիչ կայանների տեղադրման և գործարկման ոլորտում լիտվական փորձը։
Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, արևային և քամու էներգիայի օգտագործման հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական, փորձագիտական մակարդակում համագործակցել՝ լիտվական լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով։