«Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում»․ Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորման մասին
«Բոլորովին անարդար վիճակի է դիմադրում Ռուբենը». այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ կարճատև հարցազրույցում ասել է ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Վերջինս օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորումը Բաքվում անարդար է համարում:
Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսներին իրենք արել, անում են հնարավորը Վարդանյանին ազատելու համար, բայց դեռ շոշափելի արդյունք չկա: Ըստ Աֆեյանի՝ իրենք այս ամիսներին տարբեր ձևերով ճնշում են գործադրել, կոչ արել, որպեսզի միջազգային ատյաններն ու ղեկավարությունները պահանջեն Ադրբեջանից ազատ արձակել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին:
«ԱՄՆ-ում չորս սենատոր նամակ են ուղարկել թե՛ նախագահին, թե՛ արտաքին գործերի նախարարություն, որպեսզի պարտադրեն, ստիպեն Ադրբեջանից պահանջել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին», - նշել է Աֆեյանը:
Վերջինս կարևորում է Բաքվում պահվող բոլոր բանտարկյալների վերադարձ, սակայն Ռուբեն Վարդանյանի դեպքը, ըստ Աֆեյանի, մի փոքր այլ է, քանի որ նա Արցախ էր գնացել մարդասիրական գործունեությամբ զբաղվելու, ժողովրդին օգտակար լինելու և նրան դեպի հզոր ապագա առաջնորդելու համար:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են հացադուլ հայտարարելուց հետո առաջին անգամ տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։
«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո»,- ասված է հայտարարությունում:
Վարդանյանը հայտնել է, որ այս ամբողջ ընթացքում ամբողջապես մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավություն չի ունեցել: Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ բանտում միայն նրա ճնշումն են չափում։
Հարազատների հետ զրույցի վերջում Վարդանյանն ասել է. «Ես հիմա առավել քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան, քանի որ դա հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միակ միջոցն է։
Բացի այդ, մենք կրկնում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում համաշխարհային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այս ջանքերով էլ կայացավ նրա առաջին հեռախոսազրույցը ընտանիքի հետ երկու շաբաթվա ընթացքում», - նշված է հայտարարությունում։
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ ՝պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ հեռախոսազանգերը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպեմբերի վերջին օկուպացված Արցախում ապօրինաբար ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։