Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին գյուղացիները փակել են և չեն թողնում ականազերծման աշխատանքները մեկնարկեն (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղից տեղեկացնում է, որ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։
«Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար»,-գրել է նա:
Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը երեկ առավոտից փակել էին գյուղացիները: Նրանք միայն համաձայնվել էին բացել, քանի որ պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:
Սակայն բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, փակել են՝ չսպասելով երկուշաբթի փոխվարչապետի հետ հանդիպմանը։