Վարչապետն այցելել է Լոռու մարզ (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ:
Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Մեդովկայի միջնակարգ դպրոցում:
Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թ․ նոյեմբերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 860 մլն 153 հազար դրամ է։
Հաջորդիվ վարչապետն այցելել է մարզի մի շարք դպրոցներ, որտեղ կառուցվել են նոր մարզադահլիճներ: Ստեփանավանի N 1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին 2022 թ․ մայիսի 30-ին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 270 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 178 մլն դրամ է։
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 276 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 89,8 մլն դրամ է։
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան N 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 336 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 256,8 մլն դրամ է։
Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել իրականացված շտկումները, սակայն միաժամանակ ընդգծել շինարարական աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ անորակ աշխատանք չի ընդունվելու:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Վանաձորի 3,9 կմ երկարությամբ Դեմիրճյան փողոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 930 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:
Վարչապետը Ստեփանավանում ծաղիկներ է խոնարհել «Հայրենական մեծ» պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին, Վանաձորում` հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
Կառավարության ղեկավարի Լոռու մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածում, որտեղ 11 կմ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 3 մլրդ 153 մլն դրամ: Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին: