Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունը ոնց են իրականացնում:
Փաշինյանն այս մասին վստահեցրեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:
Անդրադառնալով հարցին, թե բանակն ի՞նչ գործառույթ է իրականացնելու՝ վարչապետն ասաց. «Սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում»:
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, ապա, ըստ Փաշինյանի, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Վարչապետն այլ փակագծեր չբացեց:
Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»: