Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը պատրաստվում է հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում շատ «ալերգիկ» վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված:
«Բայց մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը»,–ասաց Փաշինյանը:
Աշխատանքային գործընթացում սահմանազատման հարցերով հանձնաժողովները պետք է սեղանին դնեն փաստաթղթերը: «Երբ մենք դե յուրե դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա»,–նշեց վարչապետը: